Monday, August 26, 2013

Կարոտից խելառը (Մաս 2-րդ)


Անցել էր արդեն երկու շաբաթ այն օրից, ինչ Գաբրիելը վերադարձել էր ճամբար: Այդ օրից ի վեր Կալլինան ամբողջովին փոխվել էր. ամբողջ օրն անցկացնում էր հիվանդների կողքին, համարյա թե չէր սնվում և գնալով ավելի ու ավելի էր հյուծվում: Նա ուղղակի ուզում էր իրեն զբաղեցնելով չմտածել Գաբրիելի մասին, սակայն չէր ստացվում: Կալլինան այս կյանքում միայն մի հիվանդ մայր ուներ և մի սեր. այլևս ոչինչ: Իր պնդմամբ Գաբրիելի փոքր եղբայրը տեղափոխվել էր իր փոքրիկ բնակարանը: Աղջիկը մեծ հոգատարությամբ էր վարվում տղայի հետ, իսկ Կալլինայի մայրն արդեն այնքան էր կապվել փոքրիկի հետ, որ այլևս չէր պատկերացնում իր կյանքն առանց նրա:Այսպես ապրեցին ևս մի ամիս: Գաբրիելից անընդհատ նամակներ էին գալիս, որտեղ միշտ ասվում էր, որ ինքը ողջ և առողջ է, որ կարոտում ու սիրում է նրանց, և այլն... Կալլինային արդեն թվում էր, թե իրեն խաբում է, քանի որ միշտ ասում էր, որ լավ է: Նա մտածում էր, որ այդպես է ասում, որ ինքը չանհանգստանա և ուզում էր իր աչքով տեսնել, որպեսզի գիշերը կարողանար հանգիստ քնել:

....Այդ օրը հիվանդանոց բերվել էին շատ վիրավորներ. ասում էին, թե անակընկալ հարձակում է տեղի ունեցել և շատերն են զոհվել: Հակառակի նման Գաբրիելից երկու օր է ինչ նամակ չէր եկել . Կալլինան գունատ շրջում էր պալատից պալատ և ամեն անգամ վախվխելով բաց էր անում դուռը և երբ տեսնում էր, որ իր սիրեցյալի շունչն անգամ այդտեղ չկա, հանգստանում էր. երբեք այդքան շատ չէր ցանկացել չտեսնել Գաբրիելին: Մի ամբողջ ամիս նա երազում էր գոնե մեկ անգամ երազում տեսնել նրան, բայց այժմ ավելի քան երջանիկ էր, որ չէր տեսնում:
Հանկարծ հիվանդանոցի ծայրից լսվեց հարազատ մեկի ձայնը. Գաբրիելն էր: միանգամից շրջվեց և չկարողանալով գեթ մի բառ ասել  վազեց և ընկավ տղայի գիրկը.

- Դու եկար, ողջ և առողջ, ինչպես և գրում էիր, չնայած որ չէի հավատում: Անխիղճ, ինչու չէիր գրում? երկու օր է, ինչ քեզնից տեղեկություն չունեմ: Նիհարել ես, շատ ես նիհարել, ես հիմա...,- առան թողնելու մի բառ ասել, կարծես պոռթկաց Կալլինան և ասեց այն ամենն, ինչ այսքան ժամանակ չէր ասել:

- Հանգստացիր, սիրելիս, թող մի բառ ասեմ, թող խոսեմ,- վերջապես խոսեց Գաբրիելը ` միևնույն ժամանակ պինդ գրկելով աղջկա բարակ և գեղեցիկ իրանը:

- Խոսիր, որովհետև ես կարոտ եմ քո ձայնին, կարոտ եմ քո գեղեցիկ խոսքերին: Կարոտել եմ քեզ:

- Ես քեզ ավելի շատ եմ կարոտել և չես էլ պատկերացնի, թե ինչքան, բայց դրա մասին հետո կխոսենք: Ինչպես գիտես այսօր մեզ վրա անսպասելի հարձակում են գործել և ընկերս ծանր վիրավորվել է: 

- Նա է?

- Այո: Օ,Աստված իմ, ինչ ծանր է վիճակը:

- Կալլինա, արի այստեղ, շտապ վիրահատության կարիք կա,- կանչեց հարևան սենյակից ավագ բուժքուրերից մեկը:

- Դե ես հիմա պետք է գնամ, դու մի անհանգստացիր, մենք կփրկենք նրան, ես քեզ խոստանում եմ,- հանգստացրեց տղային և մի տաք համբույր դրոշմեց նրա ` ցրտից կապտած շուրթերին:

Գաբրիելի ընկերն, իրոք որ, վատ վիճակում էր. Կալլինային անգամ թվում էր, թե նա չի փրկվի, սակայն բարեբախտաբար Դանիելի (այդպես էր ընկերոջ անունը) կյանքը փրկվեց: Թե ինչքան մեծ էր Գաբրիելի երջանկությունը, աննկարագրելի է: Մի քանի օրից Դանիելն ուշքի եկավ և շրջապատվեց Կալլինայի անսահման հոգատարությամբ: Վերջինս վերաբերվում էր նրան այնպես, ինչպես սեփական եղբորը:

- Շնորհակալ եմ Ձեզ, Դուք շատ բարի եք եղել իմ նկատմամբ,- ասաց մի անգամ Դանիելը, երբ արդեն բավականին լավ էր զգում իրեն, որ ռազմաճակատ վերադառնար:

- Ամեն ինչ կարգին է, Դուք Գաբրիելի ընկերն եք ` այսինքն իմ եղբայրը:

<<Եղբայր>> բառից Դանիելը դեմքի գույնը փոխեց, բայց դուռն արդեն բացվել էր և ներս էր մտել Գաբրիելը:

- Դե, եղբայրս, պատրաստ ես?

- Հիմա եք գնում,- անհանգստացավ Կալլինան:

- Այո, սիրելիս, արդեն ժամանակն է:

- Գաբրիել, գիտեմ որ այն ինչ ասելու եմ քեզ դուր չի գա, բայց ես իմացել եմ, որ այնտեղ` ճամբարում, առաջին օգնության կարիք է լինում, և ես մտածեցի, որ...

- Կալլինա...

- Ոչ, թող վերջացնեմ...

- Ես արդեն գիտեմ, թե ինչ ես ասելու, և դու էլ գիտես իմ պատասխանը: Հասկացիր, ես ուզում եմ քեզ ամեն օր տեսնել իմ կողքին, բայց չեմ կարող եսասեր լինել և հանուն իմ ցանկությունների քո կյանքը վտանգել:

- Բայց դա միայն քեզ համար չէ, ես ուզում եմ այնտեղ գտնվել: Այդպես և ինձ օգտակար կզգամ, և քեզ հետ կլինեմ ու ամեն վայրկյան քո կյանքի համար չեմ վախենա:

Դանիելը աղջկա քաջության վրա ապշել էր. ինքն էլ էր հոգու խորքում ցանկանում, որ ամեն օր տեսնի Կալլինային, բայց հասկանում էր, որ դրանով աղջկա կյանքն է վտանգվելու: Այնուհանդերձ, չկարողացավ չխառնվել.

- Ներիր, Գաբրիել, որ խառնվում եմ...

- Իհարկե, խոսիր,- զիջեց Գաբրիելը:

- Եթե Կալլինան ցանկանում է որպես գթության քույր աշխատել, ապա կարող ենք խնդրել հրամանատարին, որ աղջկան կռվի դաշտ չուղարկի: Կալլինան կարող է մնալ վրանում, այնտեղ բուժել իր հիվանդներին և այնտեղից դուրս չգալ, այնպես չէ?,- հարցական հայացքով նայելով Կալլինային` հարցրեց Դանիելը:

Աղջկան թվում էր այնքան մոտ իր երազանքը, որ աչքերն ուղղակի փայլում էին:

- Լավ, եթե հրամանատարը կարողանա օգնել, ես համաձայն եմ,- վերջապես ընկրկեց Գաբրիելը:

Կալլինան շատ ուրախ էր. նա գրեթե համոզված էր, որ ամեն ինչ իր ուզածով է լինելու. նա չէր սխալվում: Հրամանատարի հետ խոսելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ, և երկու օրից արդեն Կալլինային տեղափոխելու էին այն նույն ճամբարը, որտեղ կռվում էին Գաբրիելն ու Դանիելը: Ինչ վերաբերում է Կալլինայի մորը. նա սկզբում կտրականապես մերժեց դստեր որոշումը. բայց հետո ի վերջո զիջեց ` խոստանալով խնամել փոքրիկ Գուրգենին (Գաբրիելի եղբորը):

.... Ինչպես և նկարագրում էր Գաբրիելը, ռազմաճակատում տիրում էր սարսափելի վիճակ, ուստի Կալլինան միանգամից անցավ գործի: Նա այնքան հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում վիրավորներին, որ շատերին անգամ մեղադրելու չէր լինի, եթե նրանք սիրահարվեին աղջկան, սակայն մենք գիտենք իրականում, թե ում էր պատկանում աղջկա սիրտն իրականում, բայց... Այս բայցը ընդհանրապես կասկածի տակ չի դնում Կալլինայի սերն ու անսահման նվիրվածությունը Գաբրիելի նկատմամբ:

Շատերը կերազեին մի այդպիսի սիրո մասին, այնպիսի սեր, որի ազդեցությունն այնքան մեծ է, որ թեկուզև հանուն այդ սիրո արժի կռվել, արժի հազար անգամ վիրավորվել ու բուժվել նրա քնքուշ ձեռքերի շնորհիվ, բուժվել նրա սիրո շնորհիվ. այդ սիրո համար արժե անգամ մեռնել...

Այդ սերը, Կալլինայի ներկայությունը ուժ էին տալիս Գաբրիելին կռվելու, պայքարելու իր հայրենիքի անկախության համար:



...ՊԱՏԵՐԱԶՄ... Պատերազմի պատճառած ամենածանր վնասը սովն ու համաճարակն էր: Մարդիկ ուղղակիորեն սովից հիվանդանում էին` տիֆով, մալարիայով և նման վարակիչ ու սարսափելի հիվանդություններով և մեռնում էին իրար ետևից` կուտակվելով ու կազմելով մի հսկայական բուրգ ` մեռած հոգիներից զմռսված:
Մի բարի հրեշտակի, <<մեծահոգի Աստծո>>, թե ուղղակի սովորական մաքրության ու զգուշության շնորհիվ այս ամենից և ոչ մեկին չհանդիպեցին մեր հերոսները....

- Կալլինա,- լսվեց դրսից կանչող Դանիելի ձայնը: Ձայնի մեջ ոչ մի անհանգիստ եղանակ չէր զգացվում, բայց Կալլինան ինչպես միշտ անհանգստանում էր:

- Ինչ է պատահել?

- Ոչինչ, ինչու գունատվեցիր այդպես?,- զարմացավ Դանիելը:

- Ուղղակի հասկանում ես, երբ Գաբրիելից բացի ինչ-որ մեկն է ինձ կանչում, ես արդեն անհանգստանում եմ, թե հանկարծ նրան բան է պատահել, նա լավ է չէ?

- Հանգստացիր, նա լավ է, ավելի քան երբևէ: Այդ ես ինձ այսօր վատ եմ զգում: Գլուխս առավոտից ցավում է, իսկ այսոր քթիցս արյուն եկավ:

- Ներիր ինձ, ինչ? արյուն?Ես հենց հիմա քեզ կստուգեմ արի այստեղ,- անհանգստացավ Կալլինան:

Զննելով տղային` նա ասաց, որ ուղղակի վատ սնվելուց է, որ անհանգստանալու կարիք չկա: Նշանակեց մի քանի դեղեր և արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ Դանիելին, երբ վերջինս որոշեց հանկարծակիորեն բորբոքվել.

- Այդ ինչպես է, որ Գաբրիելի հանդեպ այդքան ուշադիր ես, եթե այս դեպքը նրա հետ պատահեր, դու էլի այդպես կարձագանքեիր?

- Դանիել, ես...

- Թող վերջացնեմ միտքս: Դու այստեղ եկար հիմնականում իմ շնորհիվ, դու այստեղ հիմնականում ինձ հետ ես անցկացնում, քան Գաբրիելի, որովհետև նա անգամ իր ազատ ժամանակն է նախընտրում ռազմաճակատում անցկացնել, քան քեզ հետ, բայց քեզ առաջվանից ավելի հետաքրքրում է նրա առողջությունը, քան իմ կամ ուրիշների: Եթե դու այստեղ եկել ես սիրախաղի, ապա մենք այստեղ հայրենիք ենք պաշտպանում!

Վերջին բառը դեռ չէր ավարտել, երբ մի սուր ապտակ իջավ նրա դեմքին. սպասված ապտակ: Դրանից Դանիելն ավելի կատաղեց, բայց փորձեց իրեն զսպել և դուրս նետել Կալլինայի վրանից: Վերջինս ուղղակի ապշած էր մնացել Դանիելի այդ անսպասելի պահվածքից: Նա որոշեց դրան ուշադրություն չդարձնել. չփչացնել Գաբրիելի ընկերությունը այդ անպատկառ տղայի հետ, միգուցե նաև իր ընկերությունը... Աղջկա մտքով անգամ սարսափելի էր անցկացնել, որ միգուցե Դանիելը խանդից դրդված է այդպես խոսել, որ միգուցե տղան անհույս սիրահարված է իրեն... 

Այդ դեպքից անցել էր մի քանի օր: Կալլինան իրեն պահում էր սովորականի նման, բայց աշխատում էր շփում չունենալ Դանիելի հետ: 

... Օրը երկուշաբթի էր, անձրևային: Անսպասելիորեն կռիվը դադարել էր և կարելի էր գոնե մի փոքր հանգստանալ: Գաբրիելն ու Կալլինան էլ մի այդպիսի հնարավորության էին սպասում:

- Այնքան լավ կլիներ, եթե այս անավարտ կռիվն այսպես էլ վերջանար,- ասում էր Կալլինան` Գաբրիելին գրկած:
- Լավ կլիներ, եթե հաղթանակով վերջանար:

-Գաբրիել,- ներս մտավ սպաներից մեկն ու դիմեց տղային:

- Այո, պարոն, ինչ-որ բան այն չէ?

- Ոչ, բարեբախտաբար ամեն ինչ դեռ կարգին է, ուզում էի հարցնել ` մտածեցիր իմ առաջարկի մասին?

- Այո, սեռ, ես, իհարկե, շատ շնորհակալ եմ, բայց ես մերժում եմ Ձեր առաջարկը:

- Մի փոքր էլ մտածիր, այդպիսի հնարավորություն շատ քչերին է տրվում:

- Շնորհակալ եմ, սեռ, ամեն ինչի համար, բայց ես վստահ եմ իմ որոշման մեջ և այն չեմ փոխի:

Կալլինան ուղղակի հետևում էր խոսակցությանը և ոչինչ չէր հասկանում: Աննկատելի կերպով ներս էր մտել նաև Դանիելը, ով պարզվում է ` տեղյակ էր խոսակցության նյութին:

- Դու ինչ է լրիվ խելագարվել ես, ընկեր,- անդրադարձավ ընկերոջը Դանիելը, երբ սպան արդեն հեռացել էր:

- Ոչ, իհարկե, ես վստահ եմ իմ որոշման մեջ:

- Ինչ-որ մեկն ինձ կասի, թե ինչ է կատարվում և ինչ առաջարկի մասին է խոսքը?,- այլևս չդիմացավ Կալլինան:

- Պարտադիր չէ, որ դու իմանաս, սիրելիս:

- Իսկ ինչու պարտադիր չէ, թող իմանա, թե ինչից ես հրաժարվում հանուն ինչի, հանուն այն բանի, որ մեզ հետ այսպես շան նման վարվեն?

- Այդպես մի խոսիր, ոչ ոք ոչնչում մեղավոր չէ, իսկ քանի որ այսպիսի ժամանակներում ենք ապրում, ապա պետք է ընդունենք ճակատագրի մարտահրավերները:

- Դու միայն փիլիսոփայել գիտես: Շատերը զոհվեցին` մեր ընկերները, շատերը մեռան սովից, տարատեսակ դաժան հիվանդություններից, իսկ դու այստեղ ինչ-որ գաղափարներից ես խոսում: Ես ինքս անգամ կարող էի մեռնել, եթե չլիներ քո այդ հրեշտականման սիրեցյալը:

Կալլինան ամբողջ մարմնով դողաց, սակայն փորձեց իրեն հանգիստ պահել, որը սակայն շատ դժվար էր ստացվում, ավելի ճիշտ չէր էլ ստացվում: Սակայն Դանիելը չընդհատեց իր միտքը.

- Ասա սիրելիիդ, թե ինչից ես հրաժարվում, ասա նրան...

- Լռիր, Դանիել, դա քեզ չի վերաբերում:

- Ախ այդպես, եթե դու չասես, ես կասեմ, ուրեմն լսիր,- Դանիելին լռեցնելը սարսափելի դժվար էր. անհնարին,- քո սիրելին հրաժարվում է ամուսնանալ քեզ հետ ու հնարավորություն ստանալ փախչել քեզ հետ ու երջանիկ կյանք վարել հեռվում` հեռու այս դժոխքից:

- Ես համոզված եմ, որ դու ուղղակի բարբաջում ես,- վերջապես խոսեց Կալլինան,- Գաբրիել, խոսիր, խնդրում եմ:

 - Դե, Գաբրիել,- Դանիելին հենց այսպիսի մի բան էր պետք հարձակումը վերջնականապես հաղթանակով պսակելու համար:

- Լռիր, ես քեզ ամեն ինչ կասեմ, Կալլինա, ինձ ու քեզ տեսնելով, տեսնելով մեր սերն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ` այն սպան առաջարկել էր մեզ անցկացնել սահմանը և այնտեղ ` հեռվում, մեր կյանքը սկսել: Հետո մեզ կմիանային նաև եղբայրս ու մայրդ, բայց ես չեմ կարող այնքան փոքրոգի լինել, որ թողնեմ ընկերներիս` իմ եղբայրներին, այդ թվում և քեզ ` Դանիել, թողնել ու փախչել սեփական երջանկության համար: Թողնել ՀԱՅՐԵՆԻՔՍ ու փախչել... Այդ ուղղակի անկարելի է. այնուհետև ես երջանիկ լինել չեմ կարող. այնուհետև ես այլևս չեմ լինի. այդուհետ ես կնախընտրեմ մեռնել...

- Այլևս մի խոսիր, սիրելիս, ես ինքս թույլ չէի տա քեզ այդպես վարվել, ես այդժամ քեզ չէի սիրի այնքան , որքան հիմա: Եթե դու ընկերներիդ, եթե քո հողն ու հայրենիքը դու գերադասում ես մարդուս համար ամենացանկալի բանից, եթե դու նախընտրում ես հրեղեն գնդակի համբույրը կրծքիդ, քան թե սիրածդ կնոջ համբույրը շուրթերիդ, ուրեմն, իմացիր, որ ես միշտ քեզ հետ եմ, որ դու արեցիր անհնարինն ու իմ սիրտը հավետ գողացար քո քաջությամբ:

Գաբրիելն այլևս չկարողացավ այդքան գեղեցիկ բառերից հետո մի խոսք անգամ արտասանել, իսկ Դանիելն, ուղղակի զայրութից կարմրած, դուրս նետվեց վրանից: Այդ երեկո նա որոշեց այցելել Կալլինային և հանդգնել այս անգամ ուրիշ առաջարկով: Երբ նա ներս մտավ Կալլինան գամվեց իր տեղում, սպասեց, որ Դանիելը խոսի, որ շուտ գնա:

- Կարծես զարմացած չես, որ ինձ տեսնում ես այստեղ, այնպես չէ?

- Ինչ ես ուզում? Ասա շուտ և գնա:

- Ախ, եթե իմանայիր: Լավ, լսիր ինձ, հիմար աղջիկ, մի քանի ժամ առաջ ինչ ասել ու լսել ես, փորձիր մի պահ մոռանալ: Քեզ կամ նրա վրա այդ հայրենիքը թքած ունի. մարդս այս օրերին պետք է միայն իր մասին մտածի: Փոխիր միտքդ, հեռացիր այս դժոխքից: Դու այն ծաղիկն ես, որը չպետք է քարերի ու փամփուշտների մեջ առանց ջուր վայրիանա:

- Դանիել, փորձիր հանգստանալ, ես մեկ է իմ որոշումը չեմ փոխելու:

- Լսիր ինձ, արի փախչենք միասին. Գաբրիելը մեզ պետք չէ. միայն ես  ու դու: Ես չեմ ների ինձ, եթե դու իմը չլինես, ես...

- Լռիր, լռիր, լռիր, խնդրում եմ...

- Ոչ, ես կասեմ, որովհետև ես քեզ սիրում եմ ու հանուն քեզ ամեն ինչի պատրաստ եմ: Ես երբեմն ատում եմ ինձ այս սիրո համար, որովհետև ես պատրաստ եմ հանուն քեզ, հանում մեր սիրո լքել ՀԱՅՐԵՆԻՔՍ, դավաճանել իմ այն ընկերոջը, ով կյանքը չի խնայել ինձ համար , ես պատրաստ եմ այդ քայլերին, իսկ Գաբրիելը ` ՈՉ: Նա հանուն քո անվտանգության ոչնչի չի գնում, հանուն քեզ ոչինչ չի զոհում, իսկ տես, թե ես ինչքան զոհեր եմ տալիս հանուն մի աղջկա, ով իրեն անարժանի է զոհաբերում, և ինչի համար?

- Լռիր, լռիր: Կամ դու ուղղակի մի հիմար, ապուշ արարած ես, ում ես չեմ ճանաչել սկզբից, կամ դու ուղղակի մոլորվել ես, և հասկացիր, անգամ դրան փրկություն կա, դու հետո կզղջաս քո այս խոսքերի համար և ես գիտեմ, որ հոգու խորքում դու այն լավ ու բարի տղան ես, ով ինձ քրոջ պես էր ընդունում...

- Ես երբեք էլ քեզ քրոջ պես չեմ ընդունել: Ես հենց առաջին հայացքից սիրահարվել եմ քեզ, բայց քո աչքերը կույր էին դա նկատելու ու հասկանալու համար, դու...

- Լռիր, այլևս չեմ ուզում քեզ լսել, ես սիրում եմ Գաբրիելին և ամեն օրվա հետ ուժեղանում է իմ սերը նրա նկատմամբ, եթե, իհարկե, հնարավոր է այդքան սիրել... Հեռացիր ու չփորձես այլևս ինձ հետ հանդիպումներ փնտրել, այսուհետև դու ինձ հարազատ մարդ չես, գնա, ասում եմ հեռացիր ու մի նայիր ինձ քո այդ մեղադրական աչքերով, գնա ու այդպես միայն ինքդ քեզ վրա նայիր, գնա և ուղղվիր քանի շատ ուշ չէ, գնա, Դանիել, հեռացիր...

Այդ տաք խոսակցության պահին Կալլինան չէր նկատել, ավելի ճիշտ չէր էլ հասկացել, որ ևս մեկը կա, ով լսել է իրենց ու Դանիելի հետ մեկտեղ հեռացել վրանից:

                            ( շարունակելի...) 
                             



No comments:

Post a Comment